«ՍՈՎՈՐԱԿԱՆ «ԲԱԶԱՐ» Է` ԿՈՊԻՏ ՈՒ ԱՆԳՐԱԳԵՏ »
Վերջին օրերին թե՛ հեռուստաեթերում, թե՛ մամուլում ինտենսիվորեն քննարկվում է ՀՀ նախագահին առընթեր հասարակական պալատ կամ հանրային խորհուրդ (վերջնական ձևակերպումը դեռևս հստակեցված չէ) ստեղծել-չստեղծելու հարցը։ ՈՒ եթե հավատանք պնդումներին, ապա «ներկայացուցչական այդ մարմնի միջոցով հասարակությունը հնարավորություն կստանա անմիջականորեն մասնակցել պետության և ազգի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը»։
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՈՉՎԱԾԸ ԿԴԱՌՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ, ՈՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԻՆՉ-ԻՆՉ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԻ»
-Այդ ամենը բլեֆ է,- համոզված է ՀԺԿ քարտուղար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։- Բուն նպատակը ոչ թե աշխատանք կատարելն է, այլ և՛ ներսի, և՛ դրսի աչքերին մեկ անգամ ևս թոզ փչելը, թե՝ տեսե՜ք-տեսե՜ք ինչ քայլեր ենք կատարում։ Հակիրճ այսպես ձևակերպեմ. հասարակական խորհուրդ կոչվածը կդառնա հերթական ձևական մարմինը, որն ընդամենը ինչ-ինչ մարդկանց հրահանգները կկատարի։
-Բայց եթե հավատանք այդ պալատի թե խորհրդի ձևավորման նախապատրաստական աշխատանքները համակարգող խմբի անդամ Գառնիկ Իսագուլյանի պնդումներին, ապա մեխանիզմը, որն առաջարկվում է մշակել համատեղ ուժերով, կբացառի Ձեր այդ մտավախությունը։
-Բազմիցս ասել ենք, ու ես էլ հիմա կրկնում եմ՝ կեղծված ընտրությունների պատճառով երկրում ստեղծվել է ճգնաժամ, որի հաղթահարման ճանապարհն ամենևին էլ հիշյալ խորհուրդը չէ։
-Եվ ո՞րն է այդ ուղին։
-Իհարկե, արտահերթ ընտրությունները։ Դա է պահանջում հարցի գլոբալ լուծումը։
-Իսկ երկխոսությո՞ւնը...
-Երկխոսություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կկատարվեն ԵԽ ԽՎ 1609 բանաձևի պահանջները։ Երբ կանցկացվի անկախ հետաքննություն, երբ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները։ Եթե լինեին կոնկրետ հանցագործություններին առնչվող փաստեր, ապա, առավել քան համոզված եմ, անցած ժամանակահատվածում կներկայացվեին դրանք։ Մինչդեռ մարդուն կալանավորել են ոստիկանին հրելու համար։ Կամ՝ ազատամարտիկի տանը գտել են 4 փամփուշտ, որոնք, ի դեպ, համապատասխանում են նրա որսորդական հրացանին, որակել են որպես զինամթերքի անօրինական պահպանություն և ձերբակալել նրան։
Ասել է՝ մարդիկ կալանավորվել են իրենց քաղաքական համոզմունքների համար, հետևաբար, ծավալված ողջ գործընթացը քաղաքական է։ Նման իրավիճակում ի՞նչ երկխոսության կամ հասարակական խորհրդում համատեղ աշխատելու մասին կարող է խոսք լինել։ Ի դեպ, հասարակական խորհուրդը մեզ մոտ շփոթում են Ռուսաստանում ստեղծված պետական խորհրդի (չՏրրՏՉպՑ) հետ։ ՌԴ-ում այդ կառույցի մաս են կազմում և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը, և՛ չինովնիկները։ Բայց մեր պարագայում հասարակական խորհուրդը ենթադրում է հասարակության կողմից վստահություն վայելող մտավորականների ու գործիչների կազմավորում։ Քաղաքական ուժերին բերում են, որ նրանք ի՞նչ անեն։
Այսօր միջազգային ողջ հանրությունը, այդ թվում և մենք, պահանջում է անկախ հետաքննության անցկացում։ Դրա փոխարեն մեզ փորձում են հասարակական խորհուրդ տանել։ Ի վերջո, սթափվեք, պարոնայք։ Եղել է 10 զոհ, որոնցից ութը՝ հրազենային վնասվածքներով։ Մինչև օրս անհայտ է՝ ո՞վ է կրակել, ո՞վ է պայթեցրել, ո՞վ է սպանել։
-Ո՞վ... Դուք ունե՞ք պատասխանը։
-Մենք ասում ենք՝ անկախ հետաքննություն է պետք, որպեսզի ճշտենք՝ ո՞վ է հրաման տվել, և ո՞վ է կրակել։ Քոչարյանը, եթե հիշում եք, հայտարարեց, թե րոպեների ճշգրտությամբ նկարահանված է ժամանակագրությունը։
Համոզված ենք, որ իրենց հայտարարության համաձայն փաստեր ունեն, և որ ամբողջովին նկարահանվել է իշխանությունների իսկ նյութած սադրանքը։ Լա՛վ եք արել, որ նկարահանել եք, ուրեմն բարի եղեք նաև բացահայտել, թե ով է իրական կրակողը։ Եթե ցուցարարներն են, խնդրեմ, դատեք նրանց։
ՈՒզում եմ հավելել, որ իշխանությունները զենք օգտագործելու իրավունք չունեին։ Հակիրճ մտաբերենք ժամանակագրությունը. արտակարգ դրությունը մտցվեց 24.00-ից հետո։ Մինչդեռ զոհերը գրանցվել էին 21-22-ի սահմաններում։
Արարատ Մահտեսյանը համառորեն հայտարարում էր, թե ոստիկանությունը զինված չի եղել։ Բայց մենք սիրողական կադրեր ունենք, որոնք ապացուցում են, որ ո՛չ միայն զինված է եղել, այլև կրակել է։ Հետևաբար, թող պարզեն, թե ով է կրակելու հրամանն արձակել։
-Եթե ականջալուր լինենք տարբեր շշուկ-եզրահանգումներին, ապա մարտի 1-ը Սերժ Սարգսյանի ուսերին բարդեց հենց Ռոբերտ Քոչարյանը։
-Միայն Սերժ Սարգսյանը կարող է փաստել, թե իր ուսերին ով ինչ է բարդել։ Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը մեր երկրում երկրորդական պաշտոնյա չէր, վերջապես վարչապետ էր ու, իրենց ներկայացրած թվերով, Քոչարյանին փոխարինող անձը։
Որպեսզի հաստատվեն Ձեր նշած շշուկ-եզրահանգումները, և որպեսզի Սերժ Սարգսյանը մաքուր դուրս գա ստեղծված խառնափնթորից, պարտավոր է լուրջ հետաքննություն անցկացնել։ Հակառակ պարագայում նմանատիպ ենթադրություն-եզրահանգումներն ու վերլուծության փորձերը կդառնան փուչ պնդումներ։
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել Քոչարյանին փոխարինելու եկած Սերժ Սարգսյանը։ Մեղավորին, սակայն, չարժե փնտրել ընդդիմության շարքերում, քանի որ ներկա իրավիճակի հիմնական մեղավորը կեղծված ընտրություններն են։
«ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ ԶԳԱԼԻ Է ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՀՌԵԼԻ ԼԱՐՈՒՄԸ»
-ՈՒզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ ընդդիմությունն այսօր հետին պլան է մղվել, քանի որ ոչ թե իշխանություն-ընդդիմություն հարթությունում է բախումը, այլ իշխանություն-իշխանություն հատվածում։
-Չէր կարող այդպես չլինել, որովհետև երկրում իշխանություններն այսօր լուրջ պահանջատեր ունեն՝ հասարակությունը, որին հանդարտեցնելու համար անհրաժեշտ քայլեր չեն կատարվում։ Անկախ այն փաստից, թե քաղաքական որ ուժն է ընդդիմության մեջ, որը՝ ոչ, հասարակությունն ընդվզել է այս վարչախմբի դեմ։ ՈՒ խաբուսիկ է այն պատրանքը, թե հասարակության ճնշող մեծամասնությունը հանգիստ է։ Այդպես չէ. երկրում լարված, պայթյունավտանգ իրավիճակ է։ Եվ դա է պատճառը, որ այսօր ամեն կերպ խոչընդոտում են, թույլ չեն տալիս հանրահավաք անցկացնել։
-Ասել է՝ հունիսի 20-ին հայտարարված հանրահավաքի անցկացումը հարցականի տա՞կ է։
-Եթե մեզ չթույլատրեն օրինական հանրահավաք կազմակերպել, չի բացառվում, որ ժողովուրդը հունիսի 20-ին ինքը դուրս գա փողոց։
-Մտավախություն չունե՞ք, որ, Աստված մի արասցե, կարող են նոր զոհեր լինել։
-Չեմ կարծում, թե այս կարճ ժամանակահատվածում իշխանությունները երկու անգամ նույն քայլը կկատարեն։
-Այնուամենայնիվ, եթե արգելվի հանրահավաքի անցկացումը, ուժո՞վ եք անելու։
-Չեմ ուզում ժամանակից շուտ ենթադրություններ անել։ Պահը կգա, կտեսնենք։ Իսկ գուցե թո՞ւյլ են տալիս...
Այն, որ հունիսի 20-ին, գուցեև դրանից շատ ուշ (ստույգ չեմ կարող ասել) ինչ-որ ինքնաբուխ գործընթաց լինելու է, միանշանակ է, որովհետև չի կարող այսպես շարունակվել։ Մթնոլորտն այնքան է շիկացած, որ ցանկացած պահի փոքրիկ մի առիթ, ու բռնկում կլինի։
-Ինչպես ժամանակին գրում էր «Իսկրան»՝ կայծից բո՞ց կբռնկվի...
-Այդ իրողությունը չտեսնելու համար ուղղակի կույր պետք է լինել։
-Որտե՞ղ է ավելի վտանգավոր՝ իշխանության ներսո՞ւմ, թե՞ դրսում։
-Ես կասեի՝ և՛..., և՛... ՈՒ այդպես էլ պետք է լիներ։
-Հակիրճ անդրադառնանք «ներսի լարմանը»։
-Ամեն ինչ շատ հստակ է. կոալիցիոն քաղաքական ուժերը չունեն որևէ ընդհանրություն և պարզ գործարք են կնքել. ես՝ քեզ, դու՝ ինձ։
Հիմա էլ ոմանց անհագուրդ ախորժակը բավարարելու համար փորձում են խորհրդարանական երեք հանձնաժողով ստեղծել։ Հարց եմ տալիս՝ ներկայիս 9-ն ինչո՞վ է լավ աշխատում նախկին վեցից, որ հիմա էլ այդ «մշտականների» թիվը 12 են սարքում։ Ինչի՞ համար։ Ավելի ճիշտ, ո՞ւմ համար։ Պարզ է մի բան. սովորական «բազար» է ընթանում, գավառական առևտուր են անում՝ կոպիտ ու անգրագետ ձևով։ Բնական է` նման հարաբերությունների պարագայում իրարից դժգոհ են մնալու։
«ՆՈՒՅՆ ՋՈՒՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՄՏՆԵԼ»
-Ձեր նշած «լարումները» պարպելու և դժգոհությունները հարթելու նպատակո՞վ է, թերևս, ասպարեզ նետվել Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետի կերպարով վերադարձի սպառնալիքը։
-Որ Քոչարյան Ռոբերտը շա՜տ է ցանկանում վերադառնալ, պարզ է, բայց, ինչպես ասում են, նույն ջուրը երկու անգամ հնարավոր չէ մտնել։
-Պետք է ենթադրել, որ այդ վերադարձը նախ և առաջ Սերժ Սարգսյանի՞ն ձեռնտու չէ, որ նա չի հանդուրժի։
-Սերժ Սարգսյանը՝ չգիտեմ, բայց որ հասարակությունը չի հանդուրժի, չեմ կասկածում։ Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը գարնան առաջին օրը կատարված դեպքերի թիվ 1 պատասխանատուն է՝ այս իրողությունից բխող բոլոր ածանցյալներով։
Ոչ ոք թող չերազի, թե վախեցնելով, կալանավորելով, անօրինական դատավարությունների շղթայով, սահմանադրություն խախտելով կկարողանան ինչ-որ բան շտկել։ Այդպիսի քայլերով ժողովրդին չես հանդարտեցնի։
Մենք բավականին բարդ ժամանակահատված ենք ապրում. նկատի ունեմ և՛ տարածաշրջանային, և՛ ներքին ու արտաքին մարտահրավերները։ Գոյություն ունի հարցի լուծման մեկ ճանապարհ՝ հասարակության մոբիլիզացում։ Իսկ մոբիլիզացումն ու վստահության մթնոլորտի ձևավորումը հնարավոր է իրագործել օրինական, ազատ, արդար ընտրությունների միջոցով միայն։ Այլ ճանապարհ չկա։
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր նշած ընտրությունների կյանքի կոչումը։
-Դա արդեն բանակցությունների խնդիր է։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը պետք է գիտակցեն, որ բավականին ծանր ժամանակահատված ենք թևակոխել։
Զրույցը՝ Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ